Ստամբուլի Բիլգի համալսարանը հայտարարությամբ մեկնաբանել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե բուհի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» համաժողովից՝ «իրականում իրենք որևէ հայտ չեն ստացել համաժողովի համար, այդ պատճառով էլ համաժողով ուղղակի չի կարող անցկացվել»: Համալսարանում հավելել են, որ տարբեր միջոցառումների համար անհրաժեշտ է մի քանի շաբաթ առաջ տեղեկացնել համալսարանի ղեկավարությանը: Բիլգի համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզը, որը համաժողովի կազմակերպիչներից է, հայտարարել է, որ համալսարանի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված համաժողովից, և այժմ իրենք Ստամբուլում նոր վայր են փնտրում՝ միջոցառումն անցկացնելու համար: «Մեկ շաբաթ առաջ մեր դեկանն ասաց, որ կոնֆերանսը մեր համալսարանում չի անցկացվելու: Ցանկացա իմանալ, թե որոշման հետևում ով է կանգնած, ինչու է նման որոշում կայացվել, սակայն որևէ պատասխան չստացա: Շատ զարմացած եմ: Այժմ փորձում ենք միջոցառումը տեղափոխել Ստամբուլում հարմար մի սրահ»,- նշել է համալսարանի պատմության բաժնի վարիչը: Ցեղասպանության համաժողովն անցկացվելու էր Հայկական սփյուռքի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպիչները լինելու էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Բիլգի համալսարանը և թուրքական «Թարիհ» հիմնադրամը։ Համաժողովին մասնակցելու էին աշխարհի տարբեր երկրների գիտնականներ։ Հրավիրվածների թվում էին Նորման Նայմարքը, Ջեյ ՈՒինթերը, Դիրկ Մոզեսը, Մյուգե Գյոչեքը, Քեթի Քարմայքլը և ուրիշներ։ 2015-ին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպագրում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Թուրքիայի տարբեր շրջաններում Ցեղասպանության թեմայով անցկացվում են հատուկենտ միջոցառումներ, որոնց շրջանակներում պատմական իրադարձություններին տրվում են ճշգրիտ գնահատականներ։ Նախկինում Բիլգի համալսարանն աչքի է ընկել Հայկական հարցի տեսանկյունից համեմատաբար ազատ և բաց դիրքորոշմամբ: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են հրաժարվել համաժողովից թուրքական իշխանությունների ճնշման ներքո: